Rights and Protections for Temporary Workers - Armenian

Last Updated: April 9, 2026
1666714245730.png

ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում դուք ունեք՝

•արդարացի վարձատրության իրավունք,

•առողջ և անվտանգ աշխատավայր ունենալու իրավունք,

•  արհմիությունների, ներգաղթային և աշխատանքային իրավունքի հարցերով զբաղվող խմբերի օգնությանը դիմելու իրավունք,

•անապահով աշխատանքից դուրս գալու իրավունք,

•  խտրականությունից, ոտնձգությունից և շահագործումից պաշտպանված լինելու իրավունք:

Այցելեք MigrantWorker.gov կայք վերոնշյալ իրավունքների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար

ԵԹԵ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ, ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԵԺ ԳԻԾ՝ 1-888-373-7888 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ (ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ), ՈՒՂԱՐԿԵՔ “HELP” ԲԱՌԸ 233733 ՀԱՄԱՐԻՆ (ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ) ԿԱՄ HELP@HUMANTRAFFICKINGHOTLINE.ORG ԷԼ․ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵԻՆ։

ԱՆԿԱԽ ՁԵՐ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ՝ ԶԱՆԳԵՐՆ ԱՆԱՆՈՒՆ ԵՆ, ԳԱՂՏՆԻ և ԱՊԱՀՈՎ։ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ՝ ՕԳՆԵԼՈՒ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ԼԵԶՈՒՆԵՐՈՎ։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵՔ

WWW.HUMANTRAFFICKINGHOTLINE.ORG

Եթե ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում ձեզ անմիջական վտանգ է սպառնում, զանգահարեք տեղական ոստիկանություն` 911 համարով։ Հաղորդեք արտակարգ իրավիճակի բնույթը, ձեր գտնվելու վայրը և այն հեռախոսահամարը, որից զանգահարում եք։ Անհրաժեշտության դեպքում հասանելի է թարգմանչի ծառայություն։

Եթե դուք ներկայացրել եք A-3, G-5, H, J, NATO-7, TN կամ B-1 տեսակի տնային աշխատողի ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի դիմում, ձեզ պետք է հատկացվի այս գրքույկը

•կամ վիզայի հետ միասին (եթե հարցազրույցի չեք մասնակցել),

•  կամ հարցազրույցի ժամանակ, երբ նախքան վիզայի տրամադրումը հյուպատոսական պաշտոնյան համոզվում է, որ դուք ստացել, կարդացել և հասկացել եք այս գրքույկում ներկայացված տեղեկատվությունը։

ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների նպատակն է օգնել ձեզ հասկանալ ձեր իրավունքներն ԱՄՆ-ում և պատասխանել ձեր բոլոր հարցերին։

Դուք նաև կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր երկրի հյուպատոսություն՝ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության Հյուպատոսական գործակցության ծրագրի միջոցով (CPP) օգնություն ստանալու համար։ Այս ծրագրով ձեր երկրի հյուպատոսությունը կարող է աջակցել ձեզ, օգնել գտնել ռեսուրսներ և օժանդակել բողոք ներկայացնելու հարցում, եթե վստահ եք, որ ձեր իրավունքները ոտնահարվել են։ Գործընկեր-երկրների ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝ www.dol.gov\\general\\migrantworker\\support։

ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԱՆԿԱԽ ՁԵՐ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Ձեր գործատուն չի կարող աշխատանքից ազատել, վատ վերաբերվել կամ հրաժարվել վճարել ձեզ այն պատճառով, որ դուք իրականացնում եք ձեր իրավունքները։

ԴՈՒՔ ՈՒՆԵՔ

1.Արդարացի վարձատրության իրավունք

•Ձեր գործատուն ձեր կատարած ամբողջ աշխատանքի դիմաց պարտավոր է վարձատրել ձեզ։ Հաստիքների գերակշիռ մասի համար գործատուն պարտավոր է վարձատրել ձեզ առնվազն օրենքով սահմանված դաշնային նվազագույն աշխատավարձի դրույքաչափով։

•Գործատուն պարտավոր է վճարել ձեզ սահմանված դաշնային նվազագույն աշխատավարձի դրույքաչափից ավել, եթե.

•Դուք աշխատում եք մի նահանգում, քաղաքում, վարչատարածքում կամ բնակավայրում, որտեղ սահմանված նվազագույն աշխատավարձի դրույքաչափը ավելի բարձր է,

•Այդպես է նախատեսված ձեր պայմանագրով կամ վիզայի ծրագրով։

•Եթե դուք աշխատեք շաբաթական 40 ժամից ավել, ձեր գործատուից կարող է պահանջվել հավելյալ աշխատաժամերի դիմաց վարձատրել ձեզ ձեր կանոնավոր վարձատրության մեկուկեսապատիկը։ Օրինակ, եթե դուք մեկ ժամում վաստակում եք 10 դոլար, ձեր աշխատած յուրաքանչյուր հավելյալ ժամվա վարձատրությունը կարող է կազմել 15 դոլար։

•Գործատուի կողմից ձեր աշխատավարձի վճարագրից գումար հանելն անվանում են   նվազեցում։ Յուրաքանչյուր կատարված նվազեցում պետք է արտացոլվի ձեր   աշխատավարձի տեղեկագրում (“pay stub”)։ Աշխատավարձից նվազեցումները կարող   են լինել ձեր կողմից կամավոր ընտրված ծառայությունների, օրինակ՝ բժշկական   ապահովագրության կամ արհմիության անդամավճարների, ինչպես նաև որոշակի   հարկերի վճարման համար:

•Որպես կանոն, ձեր գործատուն իրավունք չունի պահում կատարել ձեր վճարագրից   կամ պարտադրել ձեզ կատարել համազգեստի, անվտանգության ապահովման   սարքավորումների, պահանջվող գործիքների, մատակարարվող ապրանքների, այլ   սարքավորումների կամ աշխատողների հավաքագրման վճարներ։ Վիզաների որոշ   տեսակների դեպքում կացարանը պետք է տրամադրվի անվճար։

•Ձեր գործատուն իրավունք չունի հակաքայլեր ձեռնարկել, ոտնձգություն կատարել,   վախեցնել կամ որևէ բացասական գործողություն իրականացնել ձեր նկատմամբ՝ ձեր   կողմից վճարման, աշխատանքային ժամերի և այլ իրավունքների վերաբերյալ   հարցումներ կատարելու, բողոք ներկայացնելու կամ աշխատավարձերի և   աշխատանքային ժամերի վերաբերյալ անցկացվող ստուգումներին աջակցելու համար։

•  Ձեր կողմից կամավոր ընտրված ծառայությունների, օրինակ՝ բժշկական ապահովագրության կամ արհմիության անդամավճարների համար նվազեցումները կարող են պահվել ձեր աշխատավարձից։ Հնարավոր են նաև նվազեցումներ որոշակի հարկերի վճարման համար։

Եթե դուք աշխատավարձերի և ձեր վճարագրի հետ կապված հարցեր կամ մտահոգություններ ունեք, զանգահարեք 1-866-487-9243 համարին կամ այցելեք Աշխատավարձի և աշխատաժամերի վերահսկողության տեղական գրասենյակ՝ www.dol.gov/agencies/whd/contact/local-offices։

1 Այցելեք www.dol.gov/whd/minimumwage.htm գործող նվազագույն դրույքաչափի համար։

2. Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունք

Անվտանգ աշխատավայր․ Ձեր գործատուն պարտավոր է ապահովել ձեզ համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ։

Դասընթաց․ Գործատուն պարտավոր է ձեզ տեղեկություն տրամադրել և դասընթացներ անցկացնել աշխատանքային ռիսկերի, վնասվածքներից կամ դժբախտ պատահարներից խուսափելու, ինչպես նաև ձեր աշխատավայրում ընդունված անվտանգության և առողջության պահպանման նորմերի մասին։ Դասընթացը պետք է անցկացվի ձեզ հասկանալի լեզվով։

Անհրաժեշտ անվտանգության սարքավորումներ․ Դուք իրավունք ունեք ստանալ անվտանգության սարքավորումներ, ինչպիսիք են ձեռնոցները, անվտանգության ամրագոտիները կամ անկումը կանխող ճոպանը, իսկ ձեր գործատուն պարտավոր է սովորեցնել ձեզ՝ ինչպես պատշաճ օգտագործել դրանք։

Աշխատավայրում վնասվածքներ ստանալու և հիվանդության դեպքերի վերաբերյալ տեղեկացնելը․ Դուք իրավունք ունեք տեղեկացնել վնասվածքներ ստանալու կամ հիվանդության դեպքերի մասին, ինչպես նաև ծանոթանալ ձեր հիվանդության պատմությանը և ստանալ այդ փաստաթղթերի պատճենները ձեր գործատուից։

Անվտանգության և առողջապահության վերաբերյալ բողոք ներկայացնելը․ Եթե դուք վստահ եք, որ ձեր աշխատանքը անապահով կամ վտանգավոր է ձեր առողջության համար, դուք կամ ձեր ներկայացուցիչը կարող եք բողոք ներկայացնել Աշխատանքային անվտանգության և առողջապահության վարչությանը (OSHA)։ Եթե որոշել եք անապահով պայմանների մասին տեղեկացնել ձեր գործատուին, հնարավորության դեպքում ներկայացեք մեկ այլ աշխատակցի հետ՝ որպես վկա, ինչպես նաև հայտնեք ձեր մտահոգությունները տեքստային հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով՝ որպես գրավոր վկայություն։ Դուք կարող եք առանձնազրույց կամ գաղտնազրույց ունենալ Աշխատանքային անվտանգության և առողջապահության վարչության (OSHA) տեսուչների հետ և ծանոթանալ աշխատանքային տարածքում առկա ռիսկերի բացահայտմանն ուղղված ստուգումների կամ անցկացված թեստավորումների արդյունքներին։

Պաշտպանություն հակաքայլերից․ Դուք կարող եք բարձրաձայնել ձեր աշխատավայրում առկա ռիսկերի մասին։ Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել Աշխատանքային անվտանգության և առողջապահության վարչությանը (OSHA), եթե գտնում եք, որ ձեր գործատուն պատժամիջոցներ է կիրառում ձեր դեմ՝ անվտանգության և առողջապահության ռիսկերի մասին ձեր մտահոգությունները բարձրաձայնելու համար։ Բողոքը անհրաժեշտ է ներկայացնել ենթադրվող պատժամիջոցի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում։ Հավելյալ տեղեկության համար այցելեք www.whistleblowers.gov։

Աշխատողների իրավունքների մասին հավելյալ տեղեկության համար այցելեք Աշխատանքային անվտանգության և առողջապահության վարչության (OSHA) կայքը՝ www.osha.gov/workers։

Բուժօգնություն․ Անհրաժեշտության դեպքում դուք ինքներդ կարող եք դիմել բժշկի կամ բուժքրոջ։ Եթե դուք աշխատանքի ընթացքում վնասվածք ստանաք կամ հիվանդանաք, գործատուն պարտավոր է վճարել ձեր բուժօգնության համար և փոխհատուցել ձեր կորցրած աշխատավարձի մի մասը։ Բժշկից, կլինիկայից կամ հիվանդանոցից պահանջեք ձեր բժշկական փաստաթղթերից ցանկացածի պատճենը։ Գերակշիռ դեպքերում դուք կարող եք աշխատավայրում ստացած վնասվածքների կամ հիվանդությունների համար գումարի փոխհատուցման դիմում ներկայացնել այն նահանգում, որտեղ աշխատում եք։ Աշխատողների փոխհատուցման դիմում ներկայացնելու համար ձեր տեղական գրասենյակը կարող եք գտնել հետևյալ կայքում՝ www.dol.govagencies/owcp/wc։

Կացարան․ Եթե ձեր գործատուն ձեզ կացարան է տրամադրում, այն պետք է մաքուր և անվտանգ լինի։ Ձեզ պետք է թույլատրվի ազատ լքել կացարանը։

Սանհանգույցներ․ Սանհանգույցները պետք է լինեն մաքուր և հեշտ հասանելի։ Ձեր գործատուն պարտավոր է անհրաժեշտության դեպքում սանհանգույցից օգտվելու թույլտվություն տալ ձեզ և ապահովել լվացարաններ՝ ջրով, օճառով կամ այլ լվացող միջոցներով։

Խմելու ջուր․ Դուք իրավունք ունեք անվճար ստանալ մաքուր խմելու ջուր:

Բարձր ջերմաստիճան: Աշխատանքային անվտանգության և առողջապահության վարչության (OSHA) կողմից վերահսկվող գործատուները պարտավոր են պաշտպանել ձեզ ծայրահեղ շոգից և ունենալ բարձր ջերմաստիճանից առաջացող հիվանդությունների կանխարգելման ծրագիր։ Եթե դուք աշխատում եք թունաքիմիկատների կամ վտանգավոր քիմիական նյութերի հետ կամ դրանց մոտակայքում, ձեր գործատուն պարտավոր է՝

•Ապահովել ձեզ ջրով և օճառով՝ լվացվելու համար,

•տրամադրել ձեր աշխատանքի համար անհրաժեշտ անվտանգության սարքավորումները

(օրինակ՝ շնչադիմակ կամ ձեռնոց) և սովորեցնել ձեզ ճիշտ օգտագործել դրանք,

•ապահովել ձեզ համար վճարովի դասընթացներ աշխատավայրում կիրառվող քիմիական նյութերի մասին, որպեսզի դուք հասկանաք դրանց հետ կապված ռիսկերը,

•Տեղեկացնել ձեզ, թե որտեղ և երբ են ցողվել թունաքիմիկատներ, և երբ անվտանգ

կլինի նորից մուտք գործել տվյալ տարածք՝ դրանց պատահական ազդեցությունից խուսափելու համար։ Խուսափեք այն տարածքներից, որտեղ կիրառվում են թունաքիմիկատներ։

Եթե դուք կարծում եք, որ ձեր աշխատանքն անապահով է, և ունեք ստուգումների անհրաժեշտություն կամ ձեր իրավունքների մասին լրացուցիչ տեղեկություններ եք ցանկանում իմանալ, զանգահարեք 1-866-4-USA-DOL հեռախոսահամարով կամ այցելեք ԱՄՆ աշխատանքի նախարարության կայք (dol.gov or migrantworker.gov)։

Եթե դուք H-2A տեսակի վիզայով աշխատող եք և ձեր աշխատավայրում առողջության պահպանման և անվտանգության պայմանների, կացարանի կամ տրանսպորտի հետ կապված հարցեր կամ մտահոգություններ ունեք, զանգահարեք 1-866-487-9243 հեռախոսահամարով կամ այցելեք Աշխատավարձի և աշխատաժամերի վերահսկողության տեղական գրասենյակ՝

www.dol.gov/agencies/whd/contact/local-offices։

3. Արհմիություններին, ներգաղթողների և աշխատանքային իրավունքներով զբաղվող խմբերին օգնության դիմելու իրավունք

Գերակշիռ դեպքերում դուք իրավունք ունեք՝

Ձեր գործընկերների հետ միասին դիմել գործատուին՝ ավելի բարձր աշխատավարձի և ավելի լավ աշխատանքային պայմանների համար,

Կազմել, անդամակցել և աջակցել աշխատողների արհմիության (այս իրավունքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.nlrb.gov),

մասնակցել հանրային ելույթների, հանրահավաքների և ցույցերի՝ ավելի բարձր աշխատավարձի կամ աշխատանքային պայմանների համար։

4. Աշխատանքը դադարեցնելու իրավունք

Դուք պարտավոր չեք շարունակել աշխատել, եթե ձեր գործատուն ձեզ վատ է վերաբերվում կամ ձեզ ապահով չեք զգում։ Օգնություն ստանալու համար դուք կարող եք զանգահարել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ 1-888-373-7888։

Ձեր կամքով աշխատանքից ազատվելու պարագայում ձեր ներգաղթային կարգավիճակը կդառնա անվավեր, սակայն այն ենթակա է փոփոխման։ Դուք կարող եք նաև աշխատանքի անցնել մեկ այլ գործատուի մոտ, ով ձեզ կհովանավորի։ Եթե որևէ աշխատանքային գործակալության կողմից ձեր գործատուի նկատմամբ ստուգումներ են անցկացվում, ձեզ աշխատանքից հեռացնելու իրավասությունը ժամանակավորապես կկասեցվի և ձեզ կտրվի ժամանակավոր աշխատանքի իրավունք։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.dhs.gov/enforcement-labor-and-employment-laws։

Եթե կարծում եք, որ թրաֆիքինգի զոհ եք դարձել, անկախ ձեր ներգաղթային կարգավիճակից՝ օգնություն ստանալու համար դուք իրավունք ունեք զանգահարել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծ՝ 1-888-373-7888 հեռախոսահամարով կամ Աշխատանքային հարաբերությունների կարգավորման ազգային խորհուրդ՝ 1-844-762-6572 հեռախոսահամարով և խնդրել, որ ձեզ միացնեն Ներգաղթի հարցերով տարածաշրջանային համակարգողի հետ։

Աշխատողների համար լրացուցիչ տեղեկատվության աղբյուրները և ԱՄՆ կառավարության՝ հատուկ հարցերով զբաղվող մարմինների կոնտակտային տվյալները հասանելի են հետևյալ հղումով՝ MigrantWorker.gov/TrabajadorMigrante.gov։

5.Խտրական վերաբերմունքից և ոտնձգությունից պաշտպանված լինելու իրավունք

•Ձեր գործատուն իրավունք չունի ձեր հանդեպ ցուցաբերել խտրական կամ վատ վերաբերմունք՝ պայմանավորված ձեր տարիքով (40 կամ բարձր), սեռով, ռասայական, ազգային կամ էթնիկ պատկանելությամբ, մաշկի գույնով, կրոնով, գենետիկական առանձնահատկություններով (ներառյալ ընտանեկան բժշկական պատմությունը) կամ հաշմանդամությամբ։

•Եթե ցանկանում եք խտրական վերաբերմունքի մասին հայց ներկայացնել, այցելեք www.eeoc.gov/how-file-charge-employment-discrimination։ Քաղաքացիական կարգավիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի մասին հայց ներկայացնելու համար այցելեք www.justice.gov/crt/filing-charge։

•Ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել ձեր նկատմամբ՝ լինի դա խոսքով թե ֆիզիկական կամ սեռական բնույթի։

6.Սեռական բռնությունից պաշտպանված լինելու իրավունք

•Ոչ ոք իրավունք չունի սեռական բռնության ենթարկել ձեզ՝ սեռական բնույթի հպումներ թույլ տալով կամ ուժ գործադրելու, մոլորեցնելու կամ հարկադրանքի կիրառմամբ պահանջելով, որ դուք սեռական բնույթի գործողություն կատարեք՝ օրինակ համբույր, սեռական հարաբերություն, օրալ սեքս կամ վուայերիզմ։ Աշխատավայրում սեռական բռնության և մարդկանց թրաֆիքինգի մասին հավելյալ տեղեկության համար կարդացեք էջ 12-ը։

Եթե դուք կարծում եք, որ ձեր իրավունքները ոտնահարվել են, այդ մասին հաղորդեք Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գծին՝ 1-888-373-7888 հեռախոսահամարով (ԱՄՆ-ի ներսում) կամ այս գրքույկի 15-րդ և 16-րդ էջերում նշված կայքերի հղումներով։ Եթե անգլերեն չեք խոսում, թարգմանիչ պահանջեք։

ՁԵՐ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ ՀԱՎԵԼՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

A-3, G-5, NATO-7, և B-1 տեսակի վիզաներով տնային աշխատողներ

Ձեր գործատուն պարտավոր է ձեզ հետ կնքել ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան աշխատանքային պայմանագիր, որը կբավարարի հետևյալ պահանջները՝

•լինի ձեզ հասկանալի լեզվով,

•սահմանի ձեր ժամավճարը, որի դրույքաչափը պետք է համապատասխանի ԱՄՆ դաշնային, նահանգային կամ տեղական նվազագույն աշխատավարձերից ամենաբարձրին,

•նախատեսվի, որ գործատուն ապահովելու է անվճար կացարան և սնունդ (գործատուի բնակության վայրում ապրելու պարագայում), ինչպես նաև հոգալու է երկկողմանի ավիատոմսի ծախսերը,

•սահմանի հստակ ժամանակահատվածը, որը գործատուն պարտավոր է տրամադրել

ձեզ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելուց առաջ, և որը դուք եք պարտավոր տրամադրել գործատուին աշխատանքից ազատվելու մտադրության դեպքում,

•Ներառի ԱՄՆ տնային աշխատողների համար նախատեսված բոլոր մնացած արտոնությունները, ինչպիսիք են վճարվող ընդմիջումները, չվճարվող հիվանդության արձակուրդը և աշխատողների փոխհատուցումը։

Անպայման ծանոթացեք պայմանագրի բոլոր կետերին և վերցրեք պայմանագրի մեկ օրինակ։ Մի ստորագրեք պայմանագիրը, եթե չեք հասկացել այդ փաստաթղթի բովանդակությունը։

A-3, G-5, և NATO-7 տեսակի վիզաներով տնային աշխատողների համար լրացուցիչ պահանջներ

Պայմանագիրը պետք է ներառի առնվազն՝

•Համաձայնություն գործատուի կողմից, որ նա գործելու է ԱՄՆ օրենսդրությանը համապատասխան,

•Տեղեկություն այն մասին, թե ձեզ ինչ հաճախականությամբ և ինչպես են վարձատրելու, ինչպես նաև ձեր աշխատանքային պարտականությունների, շաբաթական աշխատաժամերի, ոչ աշխատանքային օրերի, հիվանդության արձակուրդի և տարեկան արձակուրդի օրերի քանակի մասին,

•Համաձայնություն գործատուի կողմից, որ նա չի վերցնելու ձեր անձնագիրը, աշխատանքային պայմանագիրը կամ ձեզ պատկանող այլ անձնական իրեր։

H-2A տեսակի վիզայով ժամանակավոր գյուղատնտեսական աշխատողի մուտքի արտոնագրեր

•Դուք երբեք չպետք է վճարումներ կատարեք աշխատանք ստանալու դիմաց։ Եթե որևէ մեկը ձեզնից գումար է պահանջում, կապվեք ձեր տեղական ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ, եթե դեռ ձեր երկրում եք, կամ Աշխատավարձերի և աշխատաժամանակների վերահսկողության տեղական գրասենյակ՝ 1-866-487- 9243 հեռախոսահամարով, եթե դեռ ԱՄՆ-ում եք։

•Ձեր գործատուն կամ նրա որևէ աշխատակից չեն կարող պարտադրել ձեզ պարտքով գումար վերցնել կամ վերադարձնել։ Նման դեպքում զանգահարեք Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծ՝ 1-888-373-7888 հեռախոսահամարով, եթե ԱՄՆ-ում եք, կամ ձեր տեղական ԱՄՆ դեսպանատուն կամ հյուպատոսություն, եթե ձեր երկրում եք։

Ձեր գործատուն պարտավոր է՝

•վարձատրել ձեզ ամսական առնվազն երկու անգամ ձեր աշխատանքային հրամանում կամ պայմանագրում նշված դրույքաչափով և ժամկետներում: Աշխատավարձի դրույքաչափը կարող է գերազանցել դաշնային, նահանգային կամ տեղական դրույքաչափի նվազագույնը։

•տվյալ ուղևորության ընթացքում տրամադրել կամ հոգալ հավաքագրման վայրից դեպի աշխատավայր տրանսպորտի և ամենօրյա սննդի ծախսերը կամ փոխհատուցել դրանք, երբ դուք ավարտեք ձեր աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամկետի կեսը,

•առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում փոխհատուցել աշխատավայր հասնելու ուղևորության և վիզայի ծախսերը, եթե ձեր աշխատավարձի և կատարած ծախսերի տարբերությունը ԱՄՆ նվազագույն դրույքաչափից ցածր է։

Եթե դուք H-2A կամ H-2B տեսակի վիզաներով աշխատող եք և ունեք հարցեր կամ մտահոգություններ ձեր իրավունքների վերաբերյալ, զանգահարեք 1-866-487-9243 հեռախոսահամարով կամ այցելեք Աշխատավարձերի և աշխատաժամանակների վերահսկողության տեղական գրասենյակ՝ www.dol.gov/agencies/whd/contact/local-offices։

H-2A տեսակի վիզայով ժամանակավոր գյուղատնտեսական աշխատողների դեպքում

Ձեր գործատուն պարտավոր է՝

•տրամադրել ձեզ գրավոր աշխատանքային պայմանագիր ձեզ հասկանալի լեզվով, որը պետք է ներառի մանրամասներ ձեր վարձատրության, աշխատանքի ժամկետների, աշխատանքային ժամերի, արտոնությունների (ներառյալ փոխադրամիջոց, կացարան, սնունդ կամ խոհանոցային հարմարություններ) և ձեր վճարագրից կատարված ցանկացած նվազեցումների մասին։ Քանի դեռ դուք H-2A տեսակի վիզայով աշխատող եք, ձեր վճարագրից ԱՄՆ սոցիալական ապահովության ու բուժօգնության համար նախատեսված նվազեցումներ չպետք է կատարվեն։

•անվճար տրամադրել ձեզ ապահով և մաքուր կացարան,

•ապահովել անվճար փոխադրամիջոց իրենց կողմից հատկացված կացարանից դեպի աշխատավայր,

•ապահովել անվտանգ փոխադրում լիցենզավորված վարորդների կողմից՝ պատշաճ ապահովագրված տրանսպորտային միջոցներով՝

համալրված բոլոր անհրաժեշտ անվտանգության սարքավորումներով,

•ապահովել օրական երեքանգամյա սնունդ կամ տրամադրել անվճար և հարմարավետ խոհանոցային պայմաններ,

•չկիրառել պատժամիջոցներ և չխոչընդոտել ձեր հանդիպումները պետական աշխատողների կամ իրավաբանական ծառայություն

մատուցող անձանց հետ, ովքեր ձեզ տեղեկացնում են ձեր իրավունքների մասին և օժանդակում են բողոք ներկայացնելու հարցում,

•փոխհատուցել ձեր հետդարձի ճանապարհածախսը՝ ներառյալ կենսապահովման ծախսերը, եթե ձեր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի ժամկետն ավարտվել է

•ապահովել զբաղվածություն աշխատանքային օրերի առնվազն 3/4-ի համար կամ վճարել այն ժամերի դիմաց, որոնց համար զբաղվածություն չի ապահովվել։

H-2B տեսակի ժամանակավոր ոչ գյուղատնտեսական աշխատողների դեպքում

Ձեր գործատուն պարտավոր է՝

•տրամադրել աշխատանքի ընդունման մասին գրավոր հրաման ձեզ հասկանալի լեզվով: Այն պետք է պարունակի մանրամասն տեղեկություն վարձատրության, աշխատանքի ժամկետների, աշխատանքային ժամերի, արտոնությունների (ներառյալ փոխադրամիջոց, կացարան, սնունդ և խոհանոցային հարմարություններ) և ձեր վճարագրից կատարված նվազեցումների մասին,

•փոխհատուցել ձեր հետդարձի ճանապարհածախսը՝ ներառյալ կենսապահովման ծախսերը, եթե ձեր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքի ժամկետն ավարտվել է, կամ դուք որևէ պատճառով ազատվել եք աշխատանքից նախքան աշխատանքի սահմանված ժամկետի ավարտը:

1տեսակի փոխանակման ծրագրերով այցելուների մուտքի արտոնագրեր

•Ձեր և հյուպատոսի կողմից ստորագրված DS-2019 ձևաթուղթն իր մեջ

ներառում է ձեր ծրագրի ժամկետները, ծրագրի տեսակը, ձեր հովանավորի անունն ու այն հաստատության անվանումը, որտեղ իրականացվելու է փոխանակման ծրագիրը:

•Ձեր հովանավորը պարտավոր է ներկայացնել ձեր փոխանակման ծրագրի բոլոր ծախսերը, պայմանները և կանոնները՝ ներառյալ գրավոր համաձայնություն այն մասին, թե ինչ աշխատանք եք կատարելու, որքան եք վարձատրվելու և քանի ժամ եք աշխատելու: Եթե դուք ունեք առողջության, անվտանգության կամ կեցության հրատապ խնդիր, զանգահարեք J-Visa Արտակարգ իրավիճակների թեժ գիծ՝ 1-866-283-9090 հեռախոսահամարով: Այլ հարցերի կամ խնդիրների դեպքում կապ հաստատեք Jvisas@state.gov  էլեկտրոնային փոստի միջոցով:

•Ձեր հովանավորը պետք է համոզվի, որ դուք ունեք բժշկական, հայրենադարձության և տարհանման ապահովագրություն, սակայն պարտավորություն չի կրում դրանց տրամադրման կամ վճարման համար։

Ամառային աշխատանք և ճամփորդություն

Եթե դուք ժամանել եք ԱՄՆ այնպիսի երկրից, որն ազատված է մուտքի արտոնագրի պահանջից, և չունեք աշխատանք, ապա մեկ շաբաթ աշխատանք փնտրելուց հետո ձեր հովանավորը պարտավոր է աջակցել ձեզ Միացյալ Նահանգներում աշխատանք գտնելու հարցում: Հովանավորը նաև պարտավոր է ողջամիտ օգնություն ցուցաբերել Ամառային աշխատանք և ճամփորդություն ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր ցանկանում են փոխել իրենց աշխատանքը ծրագրի ընթացքում: Հովանավորը պարտավոր է գնահատել և հաստատել Ամառային աշխատանք և ճամփորդություն ծրագրի բոլոր մասնակիցների նախնական և ցանկացած լրացուցիչ զբաղվածություն նախքան մասնակիցների կողմից ծրագրի կանոնակարգով նախատեսված աշխատանքը սկսելը։

Պրակտիկա կամ վերապատրաստում

Ձեր հովանավորը պարտավոր է ձեզ տրամադրել պրակտիկայի կամ վերապատրաստման անցկացման պլան (DS-7002), որն իր մեջ ներառում է ստացվելիք եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, ինչպես նաև վերապատրաստման ծրագրի նպատակների ամփոփ նկարագիր: Դուք պետք է աշխատեք շաբաթական առնվազն 32 աշխատանքային ժամ:

Ձեր հովանավորը պարտավոր է ձեզ տրամադրել ձեր կողմից կատարվելիք ծախսերի և վճարների, ինպես նաև ԱՄՆ-ում կենսապահովման ծախսերի մոտավոր հաշվարկի մասին հայտարարագիր:

Ձեր հովանավորը պետք է համոզվի, որ դուք ունեք բժշկական, հայրենադարձության և տարհանման ապահովագրություն, սակայն պարտավորություն չի կրում դրանց տրամադրման կամ վճարման համար։

Au Pair:

Ձեզ հյուրընկալող ընտանիքը պարտավոր է օգնել ձեզ ներգրավվել և հաճախել դասընթացների բարձրագույն ուսումնական հաստատությունում և այդ դասընթացների համար վճարել մինչև 500 դոլար: Եթե դուք EduCare au pair ծրագրի մասնակից եք, ձեզ հյուրընկալող ընտանիքը պարտավոր է վճարել մինչև 1000 դոլար վերոնշյալ դասերի համար:

Դուք պարտավոր չեք աշխատել օրական 10 ժամից կամ շաբաթական 45 ժամից ավել: Եթե դուք EduCare au pair ծրագրի մասնակից եք, ապա պարտավոր չեք աշխատել օրական 10 ժամից կամ շաբաթական 30 ժամից ավել:

Ձեր տեղական խորհրդատուն պարտավոր է ամեն ամիս ձեզ և ձեզ հյուրընկալող ընտանիքի հետ կապ հաստատել:

ՁԵՐ ՈՉ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ

Ոչ ներգաղթային մուտքի արտոնագիրը պաշտոնական փաստաթուղթ է, որը թույլ է տալիս ճամփորդել ԱՄՆ՝ աշխատելու, սովորելու կամ մշակութային փոխանակման ծրագրի մասնակցելու նպատակով: Դուք պետք է ոչ ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնեք արտերկրում՝ ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսությունում: (Նշում. Կանադայի քաղաքացիները J-1 կարգավիճակով մուտք գործելու համար դիմում են սահմանային անցակետում)։ Ոչ ներգաղթային արտոնագիրը ստանալուց հետո դուք կարող եք ճամփորդել ԱՄՆ և ներկայացնել այն ներգաղթային ծառայության (մաքսային և սահմանային վերահսկողության (CBP)) պաշտոնյային՝ մուտքի թույլտվության համար: Եթե ձեր մուտքի արտոնագրի ժամկետը սպառվել է, նախքան նորից ԱՄՆ մուտք գործելը անհրաժեշտ է ձեռք բերել նորը: Վիզայի դիմումի գործընթացի և ձեր ԱՄՆ մուտքի վիզայի մասին լրացուցիչ մանրամասների համար այցելեք usvisas.state.gov:

Միացյալ Նահանգներ մուտք գործելիս մաքսային և սահմանային վերահսկողության (CBP) պաշտոնյան ստեղծում է էլեկտրոնային I-94 ձևանմուշ (երբեմն դա կարող է լինել թղթային տարբերակով): I-94 ձևանմուշում նշվում է ձեր ԱՄՆ մուտք գործելու ամսաթիվը, մուտքի արտոնագրի տեսակը և Միացյալ Նահանգներից ելքի ամսաթիվը: Եթե դեռ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ձեր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմում չեք ներկայացրել, ապա դուք պետք է դուրս գաք ԱՄՆ-ից նախքան ձեր I-94 էլեկտրոնային ձևանմուշում նշված վերջնաժամկետը, որպեսզի չկորցնեք ձեր օրինական կարգավիճակը: Ձեր I-94 ձևանմուշի տվյալները ստուգելու համար կարող եք այցելել https://i94.cbp.dhs.gov:

1749738712643.jpg

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳ

Մարդկանց թրաֆիքինգը, որը հայտնի է նաև որպես անձանց թրաֆիքինգ, լուրջ հանցագործության տեսակ է, երբ ուժի կիրառման, խարդախության կամ հարկադրանքի միջոցով մեկ այլ անձի ներգրավում են հարկադիր աշխատանքի, ծառայությունների կամ մարմնավաճառության մեջ:

Եթե մինչև 18 տարեկան որևէ անձ ներգրավված է մարմնավաճառության մեջ, ապա դա համարվում է մարդկանց թրաֆիքինգ, նույնիսկ եթե ուժ, խարդախություն կամ հարկադրանք չի կիրառվել: Մարմնավաճառությունը սեռական ծառայությունների մատուցումն է որևէ նյութական կամ ոչ նյութական փոխհատուցման (ինչպիսիք են բնակարանը, անվտանգությունը, սնունդը կամ գումարը) դիմաց:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծը կարող է օժանդակել անհրաժեշտ ծառայություններին ուղղորդելու և տեղական աջակցության հարցերում: Եթե դուք կամ ձեր ծանոթներից որևէ մեկը հայտնվել եք հետևյալ իրավիճակներից մեկում, ապա զանգահարեք Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծ՝ 1-888-373-7888 հեռախոսահամարով։

Դուք ենթարկվում եք սպառնալիքների կամ ունեք վախեր

Ոչ ոք իրավունք չունի սպառնալիքների և այլ տեսակի ահաբեկումների միջոցով կանխել ձեր կամ այլ անձանց հեռանալու փորձը: Օրինակ՝

•ձեզ կամ այլ անձանց ծեծի, ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկել,

•ձեզ կամ այլ անձանց վնասելու, բռնության կամ սեռական բռնության սպառնալիքների ենթարկել,

•արգելել ձեզ դուրս գալ աշխատավայրից կամ կացարանի տարածքից,

կասեցնել կամ դադարեցնել ձեր կամ ձեր հարազատի համար դեղորայքի հասանելիությունը

•սպառնալ ձեզ կամ ձեր ընտանիքին վնաս պատճառել, արտաքսել կամ ձերբակալել, եթե դուք փորձեք դժգոհել ձեր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքից, իրավիճակի մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին կամ օգնություն փնտրել,

•վնաս պատճառել այլ անձանց, ովքեր փորձել են հեռանալ, դժգոհել իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից, իրավիճակի մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին կամ օգնություն փնտրել,

•սպառնալ ձեզ սև ցուցակում ներառել, որպեսզի դուք այլևս չկարողանաք Միացյալ Նահանգներում աշխատել:

Պարտքի դիմաց հարկադրաբար որևէ գործողություն իրականացնել

Ոչ ոք իրավունք չունի ստիպել ձեզ շարունակել աշխատել, ծառայություններ մատուցել, զբաղվել մարմնավաճառությամբ կամ արգելել ձեզ հեռանալ: Ոչ ոք իրավունք չունի շահարկել ձեր պարտքը՝ դրա մարումը բարդացնելով, կամ ստիպել ձեզ շարունակել աշխատել իրենց մոտ այնքան ժամանակ, մինչև չմարեք ողջ պարտքը: Օրինակ՝

•պարտքի պարտադրում, որի վերադարձը բարդ կամ անհնար է ողջամիտ ժամանակահատվածում,

•պարտքի պարտադրում, որը գերազանցում է ձեր համաձայնությամբ ստացված պարտքի գումարի չափը կամ որին դուք նախապես չեք տվել ձեր համաձայնությունը,

•առանց ձեր համաձայնության պարտքի գումարին տրանսպորտի, կացարանի, սննդի և այլ վճարների ավելացում,

•վճարների կամ տուգանքների ավելացում՝ կանոնները խախտելու, ոչ բավարար վաստակելու կամ աշխատանքը ոչ պատշաճ կերպով կատարելու, ծառայությունները ոչ բավարար կերպով մատուցելու կամ մարմնավաճառության համար:

Հեռանալու, բարձրաձայնելու կամ օգնության դիմելու անկարողություն Ոչ ոք իրավունք չունի խանգարել ձեզ կամ այլ անձանց հեռանալ, բարձրաձայնել ձեր մտահոգությունները կամ օգնության դիմել:

Օրինակ՝ արգելել ձեզ լքել ձեր աշխատավայրը կամ սահմանափակել աշխատանքից դուրս ձեր տեղաշարժը:

•Ձեր անձնագիրը, մուտքի արտոնագիրը, ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր պահեք ձեզ հասանելի վայրում։ Ոչ ոք իրավունք չունի ձեզանից վերցնել վերոնշյալ փաստաթղթերը,

•Դուք ձեզ անհրաժեշտ չափով սննդի, հանգստյան ժամերի կամ բուժօգնության հասանելիության իրավունք ունեք։ Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել ձեր վերոնշյալ իրավունքները, և

•Դուք իրավունք ունեք շփվել ձեր ընտանիքի, այլ աշխատողների, հաճախորդների կամ այլ անձանց հետ, օրինակ՝ իրավական կամ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ: Ոչ ոք չի կարող խոչընդոտել կամ վերահսկել ձեր ազատ հաղորդակցվելու իրավունքը:

Խաբեություն

Ոչ ոք իրավունք չունի պարտադրանքի կամ խաբեության միջոցով ստիպել ձեզ աշխատել կամ մարմնավաճառությամբ զբաղվել:

Օրինակ՝

•կեղծ խոստումներ տալ աշխատանքի տեսակի, աշխատանքային ժամերի, ապրուստի և աշխատանքային պայմանների կամ աշխատավարձի վերաբերյալ,

•պարտադրել ձեզ աշխատել ավելի շատ ժամաքանակով, ավելի վատ պայմաններով և խոստացվածից ավելի ցածր աշխատավարձով,

•ասել ձեզ, որ դուք իրավունքներ չունեք,

•ասել ձեզ, որ ձեզ չեն հավատա կամ կարտաքսեն, եթե փորձեք հեռանալ կամ օգնության դիմել, կամ

•հրահրել ձեզ ստել ձեր գործատուի կամ այլ աշխատողների մասին։

•Կեղծ խոստման օրինակ․ ձեզ կարող են առաջարկել բուժքրոջ աշխատանք, սակայն հետագայում պարտադրել, որ դուք աշխատեք ծերանոցում, կամ առաջարկել դայակի աշխատանք, իսկ հետագայում ստիպել ձեզ էկզոտիկ պարեր պարել կամ զբաղվել մարմնավաճառությամբ:

Արդյո՞ք գործատուն կարող է արտաքսել ձեզ, եթե հաղորդեք բռնության մասին:

Կան ծրագրեր, որոնք կոչված են պաշտպանելու այն մարդկանց, ովքեր բռնության կամ իրենց հանդեպ վատ վերաբերմունքի մասին բողոք են ներկայացնում։ Այս ծրագրերը կարող են ձեզ հնարավորություն տալ մնալ Միացյալ Նահանգներում, նույնիսկ եթե հեռանաք ձեր գործատուի առաջարկած աշխատանքից: Դուք չպետք է վախենաք օգնության դիմել, նույնիսկ եթե ներգաղթի հետ կապված մտահոգություններ ունեք: Զանգահարեք Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծ՝ 1-888-373-7888 հեռախոսահամարով՝ ձեզ հասանելի օժանդակության մասին տեղեկանալու համար։ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային թեժ գիծը Կառավարության կամ իրավապահ մարմինների կողմից չի գործարկվում։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ․

•Մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի և ձեր ԱՄՆ մուտքի արտոնագրի մասին տեղեկությունների համար այցելեք usvisas.state.gov։

•Թրաֆիքինգի զոհերի մասին տեղեկությունների համար այցելեք

www.state.gov/j/tip։

•J-1 փոխանակման ծրագրի մասին տեղեկությունների համար այցելեք

j1visa.state.gov։

•Հավասարության և մաշկի գույնով, սեռով (ներառյալ հղիություն), տարիքով (40 կամ բարձր), ռասայական, կրոնական և ազգային պատկանելությամբ, հաշմանդամությամբ կամ գենետիկական առանձնահատկություններով պայմանավորված խտրականությունից պաշտպանված լինելու ձեր իրավունքների, ինչպես նաև խտրականության մեղադրանք ներկայացնելու գործընթացի մասին տեղեկությունների համար այցելեք www.eeoc.gov։

•Աշխատավայրում ձեր անվտանգության իրավունքների մասին տեղեկությունների կամ անապահով աշխատանքային պայմանների ստուգումներ անցկացնելու պահանջ ներկայացնելու համար այցելեք www.osha.gov։

•Պարզելու համար՝ արդյոք որևէ մեկը յուրացրել է ձեր գործատուի կողմից ձեզ չվճարված աշխատավարձը, այցելեք webapps.dol.gov/wow։

•Ձեր արդարացի վարձատրության իրավունքի համար այցելեք

www.dol.gov/WHD/immigration։

•Ձեր աշխատավարձի վերաբերյալ բողոք ներկայացնելու համար այցելեք

https://www.dol.gov/agencies/whd/contact/complaints։

•Քաղաքացիությամբ պայմանավորված խտրականությունից պաշտպանված լինելու ձեր իրավունքների մասին մանրամասների, ինչպես նաև խտրականության վերաբերյալ բողոք ներկայացնելու համար այցելեք www.justice.gov/crt/ filing-charge։

•Աշխատավարձի կամ աշխատանքային պայմանների բարելավման նպատակով այլ աշխատակիցների հետ միավորվելու, ինչպես նաև մեղադրանք ներկայացնելու ձեր իրավունքի մասին տեղեկությունների համար այցելեք www.nlrb.gov։

•Ձեր իրավունքների, պարտականությունների և բժշկական ապահովագրությունից ազատման կարգի վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք localhelp.healthcare.gov (անգլերեն) և ayudalocal.cuidadodesalud.gov (իսպաներեն)։

•Եթե դուք հանցագործության զոհ եք, ձեր իրավունքներին ծանոթանալու համար այցելեք Հանցագործության զոհերի իրավունքների մասին ակտի կայքէջը https://www.justice.gov/criminal/criminal-vns/victim-rightsderechos-de-las-v-ctimas։

•I-94 ձևանմուշի համար այցելեք https://i94.cbp.dhs.gov/I94։

•Ապագա գործատուի կողմից ներկայացված միջնորդագրի և USCIS-ում Ձեր գործի կարգավիճակի համար այցելեք https://egov.uscis.gov։

•Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ USCIS-ի ռեսուրսների համար այցելեք

https://www.dhs.gov/blue-campaign/resources-availablevictims

https://www.uscis.gov/humanitarian/victims-of-humantrafficking-and-  other-crimes

T և U տեսակի ոչ ներգաղթային կարգավիճակով աշխատողներին USCIS-ի կողմից ներգաղթային արտոնություններ տրամադրող ծրագրերի համար այցելեք

https://www.uscis.gov/humanitarian/victims-of-humantrafficking-and-other-crimes

•  Թրաֆիքինգով պայմանավորված փախստականների նպաստների և գործերի վարման ծառայությունների համար այցելեք Մարդկանց թրաֆիքինգի դեմ պաքարի գրասենյակի (OTIP) կայքէջ՝ https://www.acf.hhs.gov/otip/victimassistance/

childeligibility-letters

https://www.acf.hhs.gov/otip/victim-assistancecertification

file

ԽՈՐՀՈՒՐԴ

Կախված ձեր կացության տևողությունից՝ ձեզնից կպահանջվի ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում ձեռք բերել բժշկական ապահովագրություն։ Հնարավոր է նաև, որ դուք բավարարեք Ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ պայմանները, ինչի շնորհիվ կկրճատվեն ձեր բժշկական ապահովագրության ծախսերը։

Նախքան ԱՄՆ մեկնելը խորհրդակցեք արտագնա աշխատողների հարցերով զբաղվող կազմակերպությունների կամ նախկինում արտագնա աշխատանք կատարած անձանց հետ։ Նրանք կարող են տրամադրել ձեզ այն անձանց կամ կազմակերպությունների հեռախոսահամարները, որոնց հետ դուք կարող եք կապ հաստատել, եթե ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում ձեզ մոտ հարցեր կամ խնդիրներ առաջանան։

Ձեր գործատուի, կապալառուի կամ կադրերի ներգրավման մասնագետի կողմից տրված խորհրդատվությունը կարող է կողմնակալ բնույթ կրել։ Իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար դիմեք անկախ փաստաբանի։

Ձեր գործատուն պարտավոր է ձեզ ժամանակին վճարել: Միացյալ Նահանգներում աշխատակիցները վարձատրվում են յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ, սակայն ձեր վարձատրության ժամանակացույցը կարող է տարբերվել՝ ըստ ձեր աշխատանքային պայմանագրի:

Մանրամասն գրառումներ կատարեք բոլոր անհարիր խոսքերի կամ գործողությունների վերաբերյալ, որ գործատուն թույլ է տալիս ձեր հանդեպ: Գրի առեք նաև բոլոր վկաների անուններն ու հեռախոսահամարները:

Երբ ժամանեք ԱՄՆ, պահեք ձեր անձնագիրն ու մյուս ճամփորդական փաստաթղթերը ձեզ մշտապես հասանելի մի ապահով վայրում: Գործատուն ձեր անձնագիրն իր մոտ պահելու իրավասություն չունի:

Լավ գաղափար է ձեր աշխատաժամերի վերաբերյալ գրառումներ կատարելը: Մի նոթատետր վերցրեք և գրի առեք ձեր աշխատած բոլոր օրերն ու ժամերը, թե որքան եք վարձատրվել, երբ եք վարձատրվել, որքան նվազեցումներ են արվել ձեր աշխատավարձից և ինչ պատճառով:

This pamphlet was created pursuant to section 202 of the William Wilberforce
Trafficking Victims Protection Reauthorization Act of 2008, Public Law 110-457.